Ուկրաինայի ազգային բանկն ուկրաինական բանկերին արգելել է մինչ օկուպացիայի ավարտը գործունեություն ծավալել Ղրիմի ինքնավար հանրապետության տարածքում: Այս մասին նշվում է կազմակերպության պաշտոնական կայքում:

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է, որ Ազգային բանկի ղեկավարությունը 2014թ. մայիսի 6-ին ստիպված է եղել ուկրաինական բանկային հաստատությունների եւ նրանց ստորաբաժանումների` Ղրիմի ինքնավար հանրապետության տարածքում հետագա գործունեությունը (ժամականավորապես` մինչ օկուպացիայի ավարտը) դադարեցնելու մասին որոշում կայացնել: 

«Ղրիմի ինքնավար հանրապետության եւ Սեւաստոպոլ քաղաքի օկուպացիան խափանել է տարածաշրջանում բանկային համակարգի արդյունավետ աշխատանքը, ինչի արդյունքում ավանդատուների եւ հաստատությունների այլ կրեդիտորների շահերին ուղղված սպառնալիքներ են ծագել: Օկուպացիայի պայմաններում բանկերի հետագա գործունեությունը օրենսդրության խախտում է նշանակում: Հաշվի առնելով այդ հանգամանքը, բազմաթիվ բանկային հաստատություններ արդեն իսկ ստիպված են եղել դադարեցնել իրենց գործունեությունը հիշյալ տարածքում»,- նշվում է հայտարարության տեքստում: