Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Արծվաբերդ եւ Այգեձոր համայնքների բնակիչները մայիսի 9-ին զինվորների հետ մեծ շքերթ են կազմակերպել, շրջել բոլոր գյուղերով եւ ծաղիկներ դրել Անհայտ զինվորի հուշաքարին: Այս մասին NEWS.am-ին ասաց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:

«Երեք համայնքներով շքերթ ենք կազմակերպել, զորամասից զինվորների հետ նվագախմբով դուրս ենք եկել, մտել երեք գյուղերը, ծաղիկներ դրել Անհայտ զինվորի հուշաքարին»,- ասաց գյուղապետը:

Այնուհետեւ սահմանամերձ գյուղերի բնակիչները վերադարձել են զորամաս, որտեղ ճաշել են զինվորների հետ, ինչպես նաեւ կազմակերպվել են սպորտային միջոցառումներ:

Հիշեցնենք, որ մայիսին հայ ժողովուրդը նշում է մայիսյան եռատոնը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումը եւ Արցախի պաշտպանության բանակի կազմավորումը: