Ստեփանավանի թիվ 2 դպրոցում առաջին դասարանցիներից 10 հազարական դրամ հավաքելու գործով զբաղվում է ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատակիցները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Լիլյա Հարությունյանը, որին էլ «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը մեղադրում է դրամահավաքությունը կազմակերպելու մեջ

«Մամուլի հրապարակումների հիման վրա մայիսի 6-ին ոստիկաններն այցելել են դպրոց եւ այս պահին նախաքննություն է ընթանում, դեռ գործ հարուցված չէ: Նրանք զրուցել են մանկավարժների հետ, ծնողների եւ երեխաների, բոլորն էլ միաբերան հայտարարել են, թե եթե գումար են հավաքել, միայն իրենց իսկ ցանկությամբ»,- ասաց նա:

Տնօրենի խոսքով՝ Անահիտ Բախշյանն իրեն վիրավորել է, հրապարակավ մեղադրել կաշառակերության մեջ:

«Ոստիկանության եզրակացությունը ստանալուց հետո դատարան եմ դիմելու, որովհետեւ տիկին Բախշյանն ինձ զրպարտել է: Եթե հրապարակավ ներողություն խնդրի, դատարան չեմ դիմի: Բացի դրանից՝ դիմել եմ մարզպետին, ծնողներն էլ իրենց հերթին են փոստով նամակ ուղարկել եւ մարզպետին, եւ տիկին Բախշյանին»,- ավելացրեց տնօրենը:

Անահիտ Բախշյանի հայտարարությունից անցել է մոտ մեկ շաբաթ, իսկ այս ընթացքում Ստեփանավանի դպրոցի տնօրենն ու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամները միմյանց բաց նամակներ են ուղարկում, հարցը քննարկում «ինտերնետային հարթակում»: Չնայած այս ամբողջ քննարկումներին՝ տնօրենն ընդունում է, որ առաջին դասարանցիները գումար են հավաքում իրենց հանդեսի համար:

«Ծնողներն իրենք են որոշել հավաքել, ես դրա հետ ոչ մի կապ չունեն: Իրենք գումար են հավաքում իրենց երեխաների վինետկաների, տեսահոլովակի համար, ես դրա հետ ոչ մի կապ չունեմ, բացարձակապես ոչ մի կապ, իսկ տիկին Բախշյանն ինձ է մեղադրում, ասում է՝ իբր ես եմ պարտադրել հավաքել այդ գումարը»:

Նշենք, որ մայիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բախշյանը հայտարարել էր. «Ահազանգում եմ, որ Ստեփանավանի թիվ երկու դպրոցի տնօրենը առաջին դասարանցիների ծնողներից յուրաքանչյուրից տասը հազար դրամ է հավաքում: Նրա ամուսինը Ստեփանավանի նոտարն է: Լոռու մարզպետ է Արթուր Նալբանդյանին ասում եմ, որ կարգի հրավիրի այդ կնոջը, ինչպես պետքն է»: Հայտարարությունից անմիջապես հետո դպրոցի տնօրեն Լիլյա Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը՝ նշելով, որ դա «զրպարտանք եւ չի համապատասխանում իրականությանը»: