Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ քննարկել են «Արի տուն» ծրագրի հետ կապված հարցեր: Այդ մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Երեւանի քաղաքապետարանը 6-րդ տարին է, ինչ իր ակտիվ մասնակցությունն է ունենում «Արի տուն» ծրագրին: Եվ քանի որ ծրագիրը տարեցտարի ընդլայնվում եւ մասնակիցների թիվն աճում է, մենք պատարստ ենք ձեռնարկելու համապատասխան քայլեր՝ Երեւանում ավելի մեծ թվով սփյուռքահայ երեխաներ հյուրընկալելու համար: Քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում մշտապես պատրաստակամ ենք աջակցելու նախարարության ծրագրերին եւ խորացնելու առկա համագործակցությունը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու պատասխանատուներին տեղում հանձնարարել նախապատրաստական աշխատանքներ տանել  ծրագրի՝ քաղաքապետարանի մասով պատշաճ կազմակերպման եւ իրականացման ուղղությամբ: 

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին ծրագրի շրջանակում ցուցաբերվող աջակցության համար՝ Հրանուշ Հակոբյանը կարեւորել է նաեւ վարչական շրջանների եւ պատասխանատու մյուս ստորաբաժանումների դերը երեխաների հյուրընկալության հարցում:

«Անցած 5 տարիների ընթացքում մենք ավելի քան հինգ հազար սփյուռքահայ երեխա ենք ընդունել, ինչի արդյունքում շուրջ հիսուն հազար հայեր բարեկամացել են միմյանց հետ: Այս տարի նախատեսվում է, որ  հայրենիք կայցելի շուրջ 1000 երեխա: Շատերը, գալով Երեւան, պարզապես սիրահարվում են մայրաքաղաքին եւ իրենց ապագան տեսնում այստեղ: Ամեն օր հանդիպելով սփյուռքից ժամանած  մեր տասնյակ հայրենակիցների՝  մշտապես լսում եմ նրանց արձագանքը այն դրական փոփոխությունների վերաբերյալ, որոնք կատարվում են մայրաքաղաքում, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, պարոն քաղաքապետ»,- նշել է Հրանուշ Հակոբյանը:

Ծրագրի իրականացման նպատակով կձեւավորվի համատեղ աշխատանքային խումբ: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը քննարկել են նաեւ «Իմ Հայաստան» խորագրով մշակութային փառատոնի, ինչպես նաեւ սեպտեմբերին Երեւանում «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովի անցկացման հետ կապված հարցեր: