Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր՝ մայիսի 12-ին, ընդունել է Ռուսաստանի պատիժների իրականացման դաշնային ծառայության իրավունքի եւ կառավարման ակադեմիայի տնօրեն գեներալ-մայոր Ալեքսանդր Կրիմովին եւ նրան ներկայացրել մինչ օրս ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի հետ ունեցած համագործակցությունը:

ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա նշել , որ իրականացված բոլոր համատեղ նախաձեռնությունները առանձնանում են բարձր որակով եւ մեծ կազմակերպչականությամբ:

Զրույցի ընթացքում կողմերը առանձնացրել են այն առաջնահերթությունները, որոնք իրականացվելու են մոտ ապագայում՝ շեշտը դնելով պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման, կրթամեթոդիկ ծրագրերի փոխանակման, համատեղ կոնֆերանս-սեմինարների եւ փոխադարձ հետաքրքրություն առաջացնող այլ թեմաների վրա:

Արդարադատության նախարարը նշել է, որ հետաքրքրված է ակադեմիայի հետ համագործակցությամբ՝ մասնավորապես Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության քրեակատարողական համակարգի աշխատակիցների վերապատրաստման միասնական ծրագրի եւ մեթոդաբանության փոխանակման հարցերում: Հանդիպման ավարտին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հյուրին հավաստիացրել է, որ կաջակցի հետագա ծրագրերի իրականացմանը՝ կարեւորելով իրավական համակարգի աշխատակիցների ուսումնակրթական բարձր պատրաստվածության առաջնահերթությունը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱՆ «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանը: