Տիեզերագիտության իրանական ինստիտուտի գիտնականներին հաջողվել է ստեղծել մարդու կողմից վարվող տիեզերանավի մոդել: Մոդելն ու դրա դիզայնը ստեղծվել են Թեհրանի ճարտարագիտական ինստիտուտի հետ համատեղ: Նոր մշակումը դարձել է ինստիտուտի հիմնական նպատակը:
Հրթիռի արտադրությունն ու մեկնարկը նախատեսվում է առաջիկայում: Տիեզերանավերի քաշը կկազմի 500 կգ, իսկ ուղեծրում դրանք կհայտնվեն արդեն 2017թ.-ին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «MehrNews.com»-ին:
Ավելի վաղ ԻԻՀ-ը հաղորդում էր այն մասին, որ իր տիեզերագնացին տիեզերք կուղարկի միայն 2021թ.-ին: 2013թ.-ի սկզբին Իրանն արդեն տիեզերք ուղարկեց կապիկով պարլկուճ:
Հարկ է նշել, որ սա կենդանուն տիեզերք ուղարկելու առաջին փորձը չէ, որն անցկացվում է Իրանում: Առաջինը տեղի էր ունեցել 2010թ.-ին « Kavoshgar-3» հրթիռի օգնությամբ: Իրանցի գիտնականների շնորհիվ տիեզերքում են հայտնվել որդեր, կրիա եւ առնետ:
Իրանական իշխանությունները միշտ պնդում են, որ երկրի տիեզերական ծրագրերը կրում են բացառապես խաղաղ բնույթ, եւ կենդանուն տիեզերք ուղարկելը միայն ճանապարհ է հարթում մարդու կողմից տիեզերական թռիչքներ իրականացնելու համար:




























