Ստավրոպոլում «մահմեդական ինքնապաշտպանության» ջոկատներ են ձեւավորվում՝ մզկիթի քանդման պատճառով: Այս մասին ՌԴ նախագահին ուղղված նամակում հայտնել է Ստավրոպոլի երկրամասի մուֆթի Մուհամադ Հաջի Ռահիմովը:
Ըստ նրա՝ մզկիթին մոտեցող բուլդոզերները ամբողջ Հյուսիսային Կովկասից հազարավոր մահմեդականների կհամախմբեն այնտեղ, որոնց հնարավոր կլինի հանդարտեցնել ոչ թե բուլդոզերների, այլ տանկերի օգնությամբ, հայտնում է «Ռոսբալտը»:
Մուֆթին նախագահին հայտնել է, որ նման հետեւանքների կհանգեցնի մզկիթն ամբողջությամբ քանդելու վերաբերյալ Ստավրոպոլի մարզային դատարանի ապրիլի 29-ի վճիռը:
Մուֆթին հիշեցրել է, որ Պյատիգորսկի բնակչության մեկ երրորդ մասը էթնիկ մահմեդականներ են: Քաղաքում 10 ուղղափառ եկեղեցի կա, հայկական երեք եկեղեցի, երկու սինագոգ, սակայն չկա ոչ մի մշտական մզկիթ:
Ընդ որում` մուֆթին նախագահին հայտնել է, որ մզկիթը «համախմբան կենտրոն» էր դարձել Ստավրոպոլի, Հյուսիսային Կովկասի մահմեդականների, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների եւ մի շարք իսլամական պետությունների միգրանտների համար:
Ըստ նրա` Պյատիգորսկի մահմեդական համայնքում «արդեն խոսում են ինքնապաշտպանական ջոկատներ ստեղծելու մասին` քաղաքում միակ կիսակառույց մզկիթը պաշտպանելու եւ քաղաքապետարանի ու մարզպետարանի առաջ ցույցեր կազմակերպելու համար»:




























