Հայաստանում ավելացել է ամուսնության միջին տարիքը, մայիսի 14-ի մամուլի ասուլիսում հայտնել է Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը` անդրադառնալով ընտանիքի խնդիրներին:
Ըստ նրա` 2001 թ. առաջին անգամ ամուսնացող կնոջ միջին տարիքը 23 տարեկանն էր, տղամարդունը` 26-27, իսկ այսօր ամուսնության միջին տարիքը կանանց մոտ կազմում է 25-26 տարեկան, տղամարդկանց մոտ` 29-30:
Կույումջյանը նշել է, որ նկատվում է ամուսնալուծությունների աճի միտում: 2000 թ. գրանցված ամուսնալուծությունների թիվը կազմել էր 1343: Հանրապետությունում ամուսնալուծությունների գործակիցը 0,4 էր կազմում` 1000 բնակչի համար: Իսկ այսօր գրանցված ամուսնալուծությունների քանակը հասել է 3250-ի, այսինքն գործակիցն աճել է մինչեւ 1,1-ի: Այլ կերպ ասած, երկրի հազար բնակչին բաժին է ընկնում գրանցված մեկ ամուսնալուծություն:
Փորձագետը նաեւ տեղեկացրել է, որ 2011 թ. դրությամբ` երկրի բնակչության 15 տարեկանից բարձր անձանց 60%-ը ամուսնացած է եղել, 2,6% -ը` ամուսնալուծված, 9% -ն` այրի, մնացած 28,4%-ը երբեք ամուսնացած չի եղել:
Մամուլի ասուլիսի մյուս բանախոս հոգեբան Աննա Բադալյանը նշել է, որ ամուսնալուծությունների գործոններից մեկը արտագաղթն է:




























