Ջավախահայերը դեռ ակնկալիքներ ունեն իշխող «Վրացական երազանք» կոալիցիայից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ջավախքի հայկական ՀԿ-ների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ դեռեւս 2012-ի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո իշխող կոալիցիայի նախընտրական խոստումները հույսեր ներշնչեցին: «Այն ժամանակ նրանք կարողացան հաղթել ընտրություններում եւ իշխանափոխություն իրականացնել Վրաստանում: Կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին այցելեց Ախալքալաք եւ խոստացավ լուծել ամենաշատ անհանգստություն պատճառող հարցերից մեկը՝ տարածաշրջանում հայոց լեզվի կարգավիճակի խնդիրը: Կոալիցիան նաեւ իր նախընտրական ծրագրում ընդգրկել էր հայ-վրացական համալսարան բացելու կետը եւ այլն»,-ասաց Գաբրիելյանը՝ հավելելով, որ դեռեւս չկա կոնկրետ հարց, որի շուրջ ի նպաստ Սամցխե Ջավախքի որոշում կայացված լինի:

Ջավախքի հայ բնակչությունը, ըստ նրա, այդուհանդերձ, դեռեւս հույսեր ունի իշխող կոալիցիայի խոստումների իրականացման հետ կապված: «Իրավիճակն այնպիսին չէ, ինչպես Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժման» ժամանակ, երբ ժողովուրդն ատում էր այդ կուսակցությունը»,-ընդգծել է Արտակ Գաբրիելյանը: