Սովետական կարգերի ժամանակ գործող քաղաքային «Խարույկ» գաղափարական ակումբի անդամները սովետական կարգերի փլուզումից մոտ երկու տասնյակ տարի հետո էլ միմյանց չեն մոռացել. հանդիպում են, զրուցում, կիսում միմյանց հոգսերը, մի քանի օրից էլ միասին կտոնեն «Խարույկի» 50 ամյակը:
Ինչպես պատմում է նախկին խարույկցի, այժմ մանկավարժ Օվսաննա Բաբայանը, «Խարույկ» ակումբը ստեղծվել է 1964թ.: Ցանկացել են ավելի համակարգված դարձնել դպրոցների պիոներական դրուժինայի խորհրդի նախագահների աշխատանքն ու ստեղծել մի առանձին ակումբ:
«Չգիտեինք ինչպես անվանել ակումբը, դիմեցինք պիոներ պալատի տնօրենին: Պարոն Մնացականյանն ասաց՝ քանի որ դուք միշտ երգում եք «Խարույկով խարկվենք» երգը, եկեք անվանենք «Խարույկ», նաև հիշեք՝ «խարույկի կայծից բոց կբռնվի» արտահայտությունը: Բացի այդ ասաց՝ Լենինգրադում Костер ամսագիր կա, կբարեկամանաք իրենց հետ: Այդ խոսքերն իրոք կարծես մարգարեացան և ամռանը խարույկ ամսագիրը մեզ՝ մի քանի դրուժինայի խորհրդի նախագահներիս, հրավիրեց Լենինգրադ»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեց տիկին Օվսաննան:
Նրա խոսքով շուտով «Խարույկը» համալրվել է ոչ միայն Երևանի 150 դրոցների դրուժինայի նախագահներով, այլև բազմաթիվ ակտիվ պիոներներով՝ տարբեր դպրոցներից: «Խարույկ» ակումբն ունեցել է ամենամսյա պարապունքներ, ակումբի անդամները միջոցառումներ, ճամբարներ են կազմակերպել, յուրաքանչյուր ամիս մեկ օր հավաքվել են ու նշել այդ ամսին ծնված բոլոր խարույկցիների ծննդյան տոները:
Խարույկցիների խոսքով՝ ամենից կարևորը, որ հաջողվել է «Խարույկին», աշակերտներին հայրենասիրության, մարդասիրության, ինտերնացիոնալիզմի գաղափարախոսությամբ դաստիարակելն է եղել:
««Խարույկը» գաղափարախոսություն էր: «Խարույկը» երեխաներին դաստիարակում էր հայրենասիրություն, մարդասիրություն, ինտերնացիոնալիզմ: «Խարույկի» անդամներն այդ գաղափարախոսություններն իրենց հետ տանում էին իրենց դպրոցներ: Շատ միջոցառումներ որ անում էինք «Խարույկում», իրենք էլ այդ միջոցառումներն իրենց դպրոցներում էին անցկացնում: Տարբեր դպրոցներում այդ ընթացքում ծնվեցին ինտերնացիոնալ բարեկամության, լենինյան ակումբներ»,-նշեց տիկին Օվսաննան:
Ինչպես խարույկցիներն են ասում՝ «Խարույկը պետություն էր պետության մեջ»: Սովետական միության փլուզումով վերացել է նաև այդ կառույցը: «Խարույկի» անդամները, որ այն ժամանակ աչքի են ընկել իրենց գիտելիքներով, տարբեր մրցույթների հաղթողներ են ճանաչվել, այժմ տարբեր ոլորտներում հանրապետության լավագույն մասնագետներից են: Իրենց կարծիքով «Խարույկի» դերն անգնահատելի է եղել սերնդի դաստիարակության գործում:
«Այսօր դպրոցում վակում է: Չկա այդ դաստիարակող օղակը, որովհտեև 90-ական թթ. կրթության պատասխանատուները գտան, որ պարտադիր չէ, որ դաստիարակությունը դպրոցներում իրականացվի: Ասացին՝ թող տանը երեխան դաստիարակվի, բայց այդպես չի լինում: Կրթությունն ու դաստիարակությունը շատ կապված են: Մենք վակում թողեցինք: Հանեցինք դպրոցից այդ բոլոր կազմակերպությունները, տեղում ոչինչ չստեղծեցինք և արդյունքում այսօր դպրոցում դաստիարակող օղակ չկա»,-նշեց տիկին Օվսաննան:
«Խարույկի» անդամները, ավանդույթները չխախտելով, այս տարի ևս կնշեն «Խարույկի» տարեդարձը: Միջոցառումը նրանք այս անգամ կանցկացնեն մայիսի 18-ին:
































