Երեւանի Վալերի Բրյուսովի անվան համալսարանում մայիսի 17-ին նույն համալսարանի շրջանավարտ, ականավոր հետախույզ, Խորհրդային միության հերոս Գեւորգ Վարդանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ բացվեց:
«Այստեղ 1951-1955 թթ. սովորել է Խորհրդային միության հերոս, լեգենդար հետախույզ Գեւորգ Վարդանյանը» գրությամբ հուշատախտակը բացեց հերոսի կինը՝ ԵՊԼՀ շրջանավարտ, մարտական կարմիր դրոշի շքանշանակիր Գոհար Վարդանյանը: Համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանը շնորհակալություն հայտնեց հերոսի կնոջից, որ նա համաձայնել է համալսարանի պատին անմահացնել մեծ հետախույզի անունը:
«Մենք հպարտ ենք, որ այս լեգենդար զույգը ուսանել է մեր համալսարանում: Այսօր պետք է հիշենք, մեծարենք եւ խոնարհվենք մի մարդու հիշատակի առջեւ, ով իր գործունեությամբ, ողջ կյանքով մարդկությանը պարգեւեց պայծառ ու խաղաղ երկինք: Բոլորս տարբեր կերպ ենք ընկալում հայրենիքը, սակայն բոլորս էլ գիտակցում ենք, որ հայրենիքը ոչ միայն պետք է սիրել, ոչ միայն հպարտանալ նրանով, այլեւ պահպանել եւ պաշտպանել այն»,-բացման արարողությանը նշեց ռեկտորը: Նա հայրենիքին մատուցած ծառայությունների համար հետախույզի կնոջը՝ Գոհար Վարդանյանին պարգեւատրեց ԵՊԼՀ ոսկե մեդալով:
Ինչպես միջոցառման ժամանակ նշեց հուշատախտակի հեղինակ, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր, քանդակագործ Գագիկ Ղազարյանը՝ նման մեծ մարդու համար, ինչպիսին Գեւորգ Վարդանյանն է, հուշատախտակ ունենալը բավական չէ. պետք է նրա հիշատակն անմահացնող հուշարաձան ունենանք:
«Ինձ դիմեցին, որ ես պատրաստեմ այս հուշատախտակը, եւ ես մեծ հաճույքով համաձայնեցի, քանի որ հետախույզի պատկերը իմ հիշողության մեջ մխրճվել է եւ այնտեղ կմա մինչեւ վերջ»,- նշեց քանդակագործը:
Նշենք, որ արարողությանը ներկա էին նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նրանց մասնակցությամբ համալսարանում բացվեց նաեւ Գեւորգ եւ Գոհար Վարդանյանների անվան ռազմահայրենասիրական դաստիարակության կենտրոնը:




























