Վրաստանի անվտանգության եւ ճգնաժամերի հաղաթահարման խորհուրդը հայտարարում է, որ Դարիալի կիրճում տեղի ունեցած սողանքների արդյունքում յոթ մարդ անհետ կորած է համարվում:
Աղետի գոտուց զոհերի վերաբերյալ հակասական տվյալներ են ստացվում: Ի սկզբանե հայտարարվել էր, որ Թուրքիայի երեք քաղաքացիներ են զոհվել, սակայն ավելի ուշ այդ տեղեկությունը հերքվել էր:
«Չճշտված տեղեկություններով, երեք բեռնատար մեքենաներ ժայռաբեկորների տակ են մնացել: Բացի այդ, ըստ նախնական տեղեկությունների, սողանքի պահին թունելում շինարարական աշխատանքներ են ընթացել, որոնց մասնակիցներից մի քանիսը եւս մինչ այժմ շարունակում են հողակույտերի տակ մնալ», - ասվում է խորհրդի տարածած հայտարարության մեջ, որտեղ նշվում է նաեւ, որ ներկայումս հիշյալ տեղեկությունների իսկության եւ մասնավորապես` տուժածների թվաքանակի վերաբերյալ տվյալների ստուգման աշխատանքներ են ընթանում, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
Հիշեցնենք` մայիսի 17-ի առավոտյան Վրաստանում տեղի ունեցած սողանքները փակել էին ռազմավիրական ճանապարհը եւ Թերեք գետի հունը լցվել: Տարերային աղետի գոտում էին հայտնվել, ի թիվս այլոց, Ղազախստանից, Ուկրաինայից եւ Բելառուսից ժամանած վարորդներ, ինչպես նաեւ թուրք շինարարներ:
Բացի այդ, Դարիալի կիրճում տեղի ունեցած աղետի արդյունքում երկկողմանիորեն դադարեցվել են «Կազբեգի» (Վրաստան) – Վերին Լարս (Ռուսաստան) սահմանային անցակետի աշխատանքները: Հարյուրավոր ավտոմեքենաներ, այդ թվում` Հայաստանից ժամանած, հետ են վերադառնում, քանի որ անհայտ է, թե որքան ժամանակ կտեւեն ճնապարհի մաքրման աշխատանքները եւ, ընդհանրապես, կհաջովի արդյոք միլիոնավոր խ.մ. ծավալով հողի ու քարի հեռացումն ավարտին հասցնել:
Սողանքները «Հյուսիս-Հարավ» գազատարի հատվածում եւս վթարային վիճակ են ստեղծել: Հիշեցնենք, որ այն Հայաստանի ուղղությամբ ռուսական գազի արտահանումն է ապահովում:




























