Մայիսի 20-ին, ժամը 17:00 – 19:00-ը, Շ. Ազնավուրի անվան հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ) Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կազմակերպում է ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ ՀԿԽԸ ծրագրերի շրջանակներում գործիքներ ստացած եւ դրա շնորհիվ սեփական փոքր բիզնես նախաձեռնած սիրիահայերը կներկայացնեն իրենց արտադրանքն ու հմտությունները:

Տոնավաճառի այցելուները հնարավորություն կունենան գնելու քաղցրավենիք, ձեռագործ աշխատանքներ եւ ծանոթանալու տարբեր ոլորտների մասնագետների հետ. այս նախաձեռնությունն այցելուներին անհրաժեշտ տեղեկություն կտա սիրիահայերի հմտությունների վերաբերյալ՝ տեսանելի դարձնելով դրանք, իսկ վերջիններիս համար իրենց գործունեությունն ընդլայնելու  խթան կհանդիսանա: Կգործի նաեւ տեղեկատվական տաղավար, որտեղ կներկայացվեն Հայկական Կարմիր խաչի ընկերության գործունեությունը լուսաբանող նյութեր եւ թեմատիկ լուսանկարների ստենդներ:

Միջոցառումը կուղեկցվի հայկական ժողովրդական երգ ու պարով:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, հանդիսանալով օժանդակ կառույց կառավարությանը` մարդասիրական ոլորտում եւ առաջնորդվելով իր առաքելությամբ, այն է` կանխարգելել եւ թեթեւացնել մարդկային տառապանքները, չէր կարող անմասն մնալ Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետեւանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրներին արձագանքելուց` աջակցելով նրանց` ժամանման առաջին իսկ օրվանից:

Հաշվի առնելով իրավիճակն ու աջակցության կարիք ունեցող սիրիահայերի մեծ թիվը, ՀԿԽԸ-ն ձեռնամուխ եղավ Հայաստան տեղափոխված սիրիահայերի կենսապայմանների բարելավմանն ուղղված ծրագրերի իրագործմանը:

Ծրագրերն իրականացվում են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, Ավստրիական զարգացման գործակալության, ԱՄՆ դեսպանատան` Ջուլիա Թաֆթ փախստականների հիմնադրամի միջոցով, Ավստրիական Կարմիր խաչի եւ ԿԽՄՖ Աղետներին արձագանքման հիմնադրամի ֆինանսավորմամբ եւ համագործակցությամբ: