Թանգարանների միջազգային օրվա  միջոցառումների շրջանակներում,  մայիսի 18-ին, «Թանգարանները միավորում են մեզ» խորագրի ներքո, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կայացավ արդեն ամենամյա «Ժողովրդական պարերի խորին խորհուրդը» կրթամշակութային ծրագիրը: Նախորդ տարիներին / 2010, 2011  եւ 2013 թթ.  ծրագիրն  իրականացվել էր «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում, 2012 թ.` «Զվարթնոցում»:

Ներդաշնակ պարերով հյուրերի, զբոսաշրջիկների  համար ելույթ ունեցավ  Վանաձորի Գրիգոր Հախինյանի անվան «Հորովել» երգի-պարի անսամբլը /գլխավոր բալետմայստեր` Արայիկ Գեւորգյան, երաժշտական մասի ղեկավար` Էլմիրա Կռոյան, գեղարվեստական ղեկավար` Արմեն Ներսիսյան/: Համերգ-միջոցառումը բաղկացած էր երկու` համերգային եւ պարուսուցման փուլերից: Մեկ ու կես ժամ տեւած միջոցառման ընթացքում պարային համույթի ավելի քան 20 պարողներ կատարեցին  մեկ տասնյակ ազգագրական եւ ժողովրդական պարեր, ներկայացվեցին Թանգարանների միջազգային օրվա խորհուրդը եւ հայկական ավանդական պարերի դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կենցաղում եւ սովորույթներում, դրանց առնչվող  պատմություններն  ու  ավանդապատումները: Միջոցառումը վարել է  “Պահպանության ծառայություն” ՊՈԱԿ-ի լավագույն բարեկամ,  պատմամշակութային ժառանգության հանրահռչակման  գործում իր ուրույն ավանդը ներդրած  Վանաձորի  դրամատիկական  թատրոնի  դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը: 

Ծրագրի ավարտին այցելուների համար պարուսուցում կազմակերպվեց,  բացատրվեց պարաքայլի  իմաստն ու կատարման ձեւերը:

Պարային համույթի կատարողները  միջոցառման ավարտին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից  արժանացան նվեր-մրցանակների:  «Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանի» հանրահռչակման ասպարեզում ցուցաբերած գործուն մասնակցության համար «Հորովել» երգի-պարի անսամբլը պարգեւատրվեց  նաեւ  ՊՈԱԿ-ի պատվոգրով: