«Տոնուս» ՍՊԸ-ից  խաբված բնակարանատերերը համաձայնության են եկել «Արցախբանկի» բաժնետեր Հրաչ Կապրիելյանի հետ։Նրանք իրենց բնակարանների յուրաքանչյուր քառակուսի մետրի համար կվճարել լրացուցիչ 70 դոլար, որով բանկը կավարտի շենքերի շինարարությունն ու բնակարանները կհանձնի սեփականատերերին։ Գումարն առանց տոկոսների 5 տարի ժամկետով նրանց տրամադրելու է «Արցախբանկը»:

«Շենքի շինարարությունը խոստացան սկսել մի ամսվա ընթացքում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնակարանատեր Աննա Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ իրենք դեռ պայմանագրեր չեն կնքել բանկի հետ, սակայն կարծում է, որ բնակարանատերերի մեծամասնությունը գումար է ավելացնելու, որպեսզի բնակարան ստանա:

Նշենք, որ մայիսի 13-ին, «Արցախբանկի» գրասենյակի մոտ հավաքվել էին մոտ հարյուր հոգի բնակարանատերեր, որոնք պահանջում էին հանդիպում Հրաչ Կապրիելյանի հետ: Գործարարը նրանց երեք առաջարկ էր ներկայացրել՝ առաջինը, որ նրանք վճարեն իրենց բնակարանների յուրաքանչյուր քառակուսի մետրի համար լրացուցիչ 150-200 դոլար, երկրորդը, որ բանկը վերադարձնի նրանց գումարները՝ պահելով 25 տոկոս, եւ երրորդը՝ բանկը խաբված բնակարանատերերին բնակարան հատկացնի Սեւանի փողոցում կառուցված շենքում՝ քառակուսի մետրը 1100 դոլարով:

Նշենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունը վերաբերում է եւ Դավիթաշենում, եւ Փափազյան փողոցում գտնվող շենքերին, թեեւ Դավիթաշենում շենքը դեռ կիսակառույց է, իսկ Փափազյանի վրա գտնվող շենքի շինարարությունն ավարտված է, այնտեղ միայն ներքին հարդարման աշխատանքներն են մնում:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Դավիթաշենում եւ Արաբկիրում մի խումբ քաղաքացիներ չեն կարողանում մուտք գործել իրենց սեփական բնակարանները: ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն այնուհետեւ դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Շենքի կառուցումից հետո «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին, «Տոնուս Քոնսթրաքշնը» սնանկ է ճանաչվել, իսկ քաղաքացիները մնացել են ձեռնունայն: Բնակարանատերերի խոսքով՝ Տոնոյանն այժմ Վրաստանում զբաղվում է բիզնեսով։ Նրանք չեն հավատում, որ «Արցախբանկը» տեղյակ չի եղել Տոնոյանի խարդախություններին: