Պետության համար նպատակահարմար է, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նման շենքերը պահեն մասնավոր անձինք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
«Ընդունված ձեւ է, որ նմանատիպ շենքերն աճուրդի հանվեն: Եթե նախկին սեփականատերը չի կարողանում այլեւս պահել այն, ուրեմն այն պետք է վաճառվի: Իհարկե, ամեն ինչ պետք է արվի գործող օրենքների համաձայն, այսինքն իր ֆունկցիաները պետք է պարտադիր պահպանվեն, իսկ այդ առումով կարծում եմ, որ վախենալու բան չկա: Ով էլ գնի, կպահպանի այդ ֆունկցիաները: Պետությունն այսքան գումար չունի, որ նմանատիպ շինությունը պահի, եւ պետության համար նպատակահարմար է, որ այն պահի մասնավոր անձը»,- ասաց նա:
Նշենք, որ համալիրը պատկանում էր Մուրադյան եղբայրներին, սակայն պարտքերի պատճառով այն գրավի տակ էր դրվել, ապա երկու տարի առաջ անցել պաշտպանության նախարարության հաշվեկշռին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը մայիսի 19-ից հանվել է աճուրդի՝ 19 մլրդ 350 մլն 100 հազար ՀՀ դրամ նախնական արժեքով, քանի որ հանդիսանում է գրավի առարկա: ԴԱՀԿ ծառայության փոխանցմամբ, ժամկետը լրանում է մայիսի 29-ին:





























