Իսրայելի օդանավակայանների վարչությունը, Դավիթ Բեն-Հուրիոնի անվան միջազգային օդանավակայանում սկսված գործադուլի պատճառով, թռիչքների ժամանակացույցի հնարավոր հետաձգումների մասին զգուշացում է հղել օտարերկրա փոխադրողներին: 

Գործադուլի դիմած աշխատակիցներն անջատել են ուղեբեռի ստուգման նոր ավտոմատ համակարգը: Ներկայումս ուղեւորների բեռները ձեռքով են ստուգվում, ինչի արդյունքում գրանցասեղանների մոտ հերթեր են կուտակվել:

Օդանավակայանների վարչությունից խորհուրդ են տալիս թռիչքի ժամից առնվազն երեք ժամ առաջ օդանավակայան ներկայանալ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ, գործադուլ սկսելու որոշումը արհմիությունների եւ օդանավակայանի ղեկավարների միջեւ մայիսի 10-ին տեղի ունեցած բանակցությունների անարդյունք ավարտից հետո է ընդունվել: Օդանավակայանի անձնակազմի աշխատանքային պայմանների բարելավման համար պայքարող արհմիությունների առաջնորդները պնդում են, որ բանակցությունները Իսրայելի օդանավակայանների վարչության մեղքով են խափանվել: