«Վերնիսաժի» մոտ մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված պատահական անցորդներ 64-ամյա Ալբինա Բադալյանն ու 72-ամյա Մնացական Սուքիասյանը քիչ առաջ տեղափոխվել են հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մամուլի քարտուղար Ալեքսանդրա Հարությունյանը:

Նրա խոսքով՝ մյուս երեք հիվանդները՝ Նորայր Հարությունյանը, Վալերի Հովհաննիսյանն ու Մյասնիկ Հայրապետյանը, գտնվում են ծանր կայուն վիճակում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 17-ին, ժամը 13:30-ի սահմաններում «Վերնիսաժի» մոտ հնչել են կրակոցներ, կան 5 վիրավորներ, որոնց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ականատեսները NEWS.am-ին հայտնել էին, որ վիրավորվածների մեջ կան նաեւ պատահական անցորդներ, իսկ մինչեւ կրակոցը լսել են վեճի ձայներ, որից հետո հնչել է 7-8 կրակոց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Նա ձերբակալված է:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am