Ucom ընկերությամբ, որպես թափանցիկ հարկատուի, հպարտանալ կարելի է: Այս մասին մայիսի 20-ին խորհրդարանում լրագրողներին հայտնել է Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը` ի պատասխան իր բիզնեսների, այդ թվում նաեւ` Ucom ինտերնետ-պրովայդերի վերաբերյալ հարցի: 

«Արդեն որերորդ անգամ եմ ասում` ես բիզնես չունեմ: Իսկ Ucom ընկերությամբ իսկապես կարելի է հպարտանալ: Այն իր հարկերը 100 տոկոսով է վճարում: Եվ կարողացել է այնպիսի համաշխարհային բրենդի հետ համագործակցություն ծավալել, ինչպիսին Ericsson-ն է: Ընդհանրապես, եթե որեւէ մեկը լավ բիզնես-ծրագրեր ունի, ապա կառավարությունը պետք է պայմաններ ստեղծի դրանց իրականացման համար: Մեզ համար սկզբունքային չէ, թե ով կամ ինչպես է այս կամ այն բիզնեսին վերաբերվում: Եթե սույեկտիվիզմով տարվելու լինենք, ի վիճակի չենք լինի հանգիստ աշխատել», - նկատել է Գագիկ Խաչատրյանը:

Նշենք, որ նրա անվան հետ մի քանի տասնյակ ձեռնարկություններ են կապվում, այդ թվում նաեւ` Ավստրիայում գտնվող Mozart շոկոլադի գործարանը: