Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Դպրոցականների 2013-14 ուստարվա առարկայական համապետական օլիմպիադայի քաղաքային փուլում առաջին կարգի դիպլոմի արժանացած աշակերտների պարգեւատրման արարողությունը։
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե Երեւանի քաղաքապետարանի սահմանած դիպլոմները եւ պարգեւներն աշակերտներին է հանձնել Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։
«Մեզ համար շատ կարեւոր է Երեւանում կիրթ, բանիմաց աշակերտների առկայությունը. տարիներ անց դուք եք շարունակելու Երեւանը շենացնելու այսօրվա ջանքերը, աշխատանքները։ Համոզված եմ՝ բավականին խիստ են եղել հանձնաժողովները եւ վստահ եմ՝ այսօր եւս մեկ քայլ առաջ եք ձեր գիտելիքներով։ Շնորհավորում եմ»,- նշել է Արամ Սուքիասյանը։
Համապետական օլիմպիադայում ընդգրկված է 16 առարկա։ Դպրոցականների 2013-14 ուստարվա առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլին մասնակցել է Երեւան քաղաքի հիմնական, միջնակարգ, ավագ եւ մասնավոր դպրոցների 7-ից 12-րդ դասարանների 1655 աշակերտ։ Քաղաքային փուլի արդյունքների համաձայն՝ Երեւանի քաղաքապետարանի դիպլոմների է արժանացել 343 աշակերտ, ընդ որում, 64-ը՝ առաջին, 134-ը՝ երկրորդ եւ 145-ը՝ երրորդ կարգի դիպլոմների։
Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ընդգծել է, որ օլիմպիադայի մեկնարկի օրից՝ փետրվարի 1-ից մինչ ավարտը որեւէ խախտում չի արձանագրվել, որեւէ բողոք չի ստացվել։
Դպրոցականների առարկայական օլիմպիադան անցկացվել է ՀՀ ԿԳՆ սահմանած կարգի համաձայն։ Օլիմպիադայի քաղաքային փուլին մասնակցել եւ քաղաքապետարանի դիպլոմներով են պարգեւատրվել նաեւ Ֆիզմաթ, «Քվանթ» վարժարանների, Շիրակացի ճեմարանի, «ԱՅԲ» կրթահամալիրի աշակերտները։





























