Երեւանի փողոցներում եւ մասնավոր մուտքերում այս տարի կկառուցվի շուրջ 200 թեքահարթակ: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանի խորհրդակցության ժամանակ:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում  կառուցվող թեքահարթակների շինարարության ընթացքին հետեւել է քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը: Հիշեցնենք, որ հատուկ կարիքներով քաղաքացիների համար մայրաքաղաքի փողոցների հետիոտնային անցումներում թեքահարթակներ կառուցելու նպատակով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 2013 թվականին առաջին անգամ համայնքային բյուջեից հատկացվեց 20 մլն դրամ: Թեքահարթակներ կառուցվեցին նաեւ մասնավոր ընկերությունների միջոցներով:

2014 թվականին,  դարձյալ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, համայնքային բյուջեից հատկացվել է արդեն 40 մլն դրամ: Այդ միջոցներով մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում, ըստ առաջնահերթության, կկառուցվի շուրջ 200 թեքահարթակ: Աշխատանքները մեկնարկել են շուրջ 1 շաբաթ առաջ եւ այժմ արդեն շուրջ 10 թեքահարթակ պատրաստ է շահագործման: 

Ընտրության վայրերը նախապես քննարկվել եւ հավանության են արժանացել նաեւ ոլորտի մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից: Գործընթացին այս անգամ ծանոթացել է նաեւ Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը, ով նույնպես բարձր գնահատականի է արժանացրել Երեւանի քաղաքապետի նախաձեռնությունը`նշելով, որ իրականացվող ծրագիրը մեծապես կնպաստի իրենց շահառուների  ազատ տեղաշարժին: 2014 թվականին քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում ավելի քան 350 թեքահարթակներ կկառուցվեն նաեւ մասնավոր ընկերությունների կողմից : Ընդ որում, բոլոր հատվածներում թեքահարթակները կառուցվում են քաղաքապետարանի տրամադրած  առանձին նախագծերով:  Երեւանի ավագանու որոշմամբ, բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ եւ հասարակական տիպի շենքերի նախագծային աշխատանքների համար տրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքներում եւս պարտադիր պայման է թեքահարթակի կառուցումը: