ԱՄՆ Դելավեր նահանգի Նյուարք քաղաքի մերձակայքում` ավտոմայրուղիներից մեկի վրա 460 մեղվափեթակներ եւ գրեթե 20 մլն մեղու տեղափոխող բեռնատար է շրջվել, հաղորդում են տեղական ոստիկանությունից:

Միջադեպը Ֆլորիդայից Մեն նահանգը ձգվող մայրուղու վրա` մայիսի 21-ի գիշերն է տեղի ունեցել: Չկարողանալով շրջադարձ կատարել, բեռնատարը կողաշրջվել է, ինչի արդյունքում մեղուներն ազատության մեջ են հայտնվել, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին»:

Վարորդը, երկու ուղեւորների հետ միասին, հիվանդանոց է տեղափոխվել: Նրանցից յուրաքանչյուրին 50-100 մեղու է խայթել: Խայթոցից տուժել են նաեւ միջադեպի վայրի հարեւանությամբ գտնվող այլ քաղաքացիներ:

Ոստիկանությունը ավտոմայրուղու երթեւեկությունը դադարեցրել է: