Եվրամիությունն ընդամենը տնտեսական նախագիծ չէ, այն քաղաքական ծրագիր է, որն ընդհանուր տարածքի ստեղծմանն է նպատակաուղղված, ինչը նաեւ Բեռլինի պատի քանդմամբ նշանավորվեց: Այս մասին մայիսի 21-ին, «Եվրամիության ընդլայնման 10-րդ տարեդարձ» վերտառությամբ հասարակական քննարկումների ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:

Նրա խոսքով, 2004թ. 10 երկրների (Կիպրոս, Չեխիա, Հունգարիա, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Մալթա, Լեհաստան, Սլովակիա եւ Սլովենիա) անդամակցումը ԵՄ-ին մեծ հաջողությամբ պսակվեց: Նրանք կարողացան եվրոպական կառույցին ինտեգրվել եւ ներկայումս Եվրամիության լիիրավ անդամ են հանդիսանում:

«Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, վերջերս Երեւանում գտնվելով, նշել է, որ Հայաստանը կարող է ինքնատիպ բանաձեւով Եվրոպային ինտեգրվել: Կարծում եմ` սա պատմական իրականությունների գիտակցումը հավաստող ամենածանրակշիռ հաղորդագրությունը կարող է լինել», - ընդգծել է Անրի Ռենոն` հավելելով, որ Հայաստանը «խորը եվրոպական ուղղվածություն» ունի:

Հիշեցնենք` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդը, որ վերջերս հայ գործընկերոջ` Սերժ Սարգսյանի հրավերով երկօրյա պետական այցով Երեւանում էր գտնվում, հայտարարել էր. «Հայաստանը կարող է Եվրամիության հետ համագործակցությունը Ռուսաստանի հետ առեւտրային միությամբ համատեղել: Հարկավոր է Հայաստանի եվրաինտեգրման այնպիսի մոդել գտնել, որը չի հակասի երկրի` Մաքսային Միության անդամակցությանը»: Նրա խոսքով, ասվածն իրենից մեծ խնդիր չի ներկայացնում, հարկավոր է ընդամենը աշխատանքներ տանել այդ ուղղությամբ: