Այս պահից սկսած Հայաստանում  վերացվում է ԱՄՆ մուտքի ոչ ներգաղթային արտոնագրերի (վիզաների) տրամադրման համար հարցազրույց անցնելու պարտադիր պահանջը մինչեւ 10 տարեկան երեխաների ու 79 տարեկանից բարձր անձանց համար, ինչպես նաեւ արտոնագիրը երկարաձգելու որոշ դեպքերում:

Հարցազրույցի պահանջի վերացմամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փորձում է տարեց քաղաքացիների, երեխաների հետ ճանապարհորդող ընտանիքների ու հաճախակի ճանապարհորդողների համար առավել արագ ու պարզ դարձնել մուտքի արտոնագրի ստացման գործընթացը:

Այս մասին հայտարարելիս հյուպատոս Ջորջ Լինն ասել է. «Հարցազրույցի պահանջի վերացումը կհանգեցնի Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ մշակութային, կրթական, առեւտրային շփումների ավելացմանը, առավել կամրապնդի մեր ժողովուրդների միջեւ կապերը: Այս նոր մոտեցումը կդյուրացնի օրինական ուղեւորությունները դեպի Միացյալ Նահանգներ՝ միաժամանակ ապահովելով մուտքի արտոնագրերի գործընթացի թափանցիկությունն ու ազգային անվտանգության երաշխիքները»:

Հյուպատոսական պաշտոնյաները դեռեւս կարող են իրենց հայեցողությամբ հարցազրույցի հրավիրել դիմողներին, նույնիսկ եթե նրանք հիշյալ խմբերին են պատկանում: Բացի այդ, նախատեսվում է նշված խմբերից, երբեմն, պատահական ընտրությամբ որոշ մարդկանց հրավիրել հարցազրույցի: 

Հարցազրույցի պահանջի վերացման, առցանց դիմում ներկայացնելու վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել https://usvisa-info.com/ էջը, որտեղից անցում կատարելով Հայաստանի ենթաէջին՝ «Personal Appearance Waiver» (Անձամբ ներկայանալու պահանջից հրաժարում) կամ «Visa Renewal» (Վիզայի նորացում) բաժիններում կգտնեք անհրաժեշտ բոլոր մանրամասները:

Սա վերաբերում է այն դիմողներին, ովքեր նորացնում են իրենց մուտքի  վիզան եւ բավարարում են հետեւյալ ԲՈԼՈՐ պահանջներին.

•         Դուք դիմում եք նույն դասակարգման վիզայի համար (ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ։ Միայն B1/B2, D, F, I, J, M, O, եւ Q կատեգորիաների համար դիմողները, F կատեգորիայի համար դիմողներին չի վերաբերում, եթե նրանք փոխում են եւ ծրագիրը, եւ կրթական հաստատությունը: J կատեգորիայի համար դիմողներին չի վերաբերում, եթե փոխել են իրենց SEVIS-ի նույնացման համարը), եւ

•         Կենսագրական տվյալները չեն փոխվել (անուն-ազգանուն, ծննդավայր եւ ծննդյան ամսաթիվ-տարեթիվ), եւ

•         Նախորդ վիզան ունեցել է վիզայի տվյալ դասի համար առկա վավերության լրիվ ժամկետը (սովորաբար բազմակի մուտքի, 12-ամսյա վավերություն) եւ

•         Նախորդ վիզան ներկայումս վավեր է կամ ժամկետը լրացել է վերջին 12 ամսվա ընթացքում: