«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցների հեղինակ Գոռ Առաքելյանին քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի, 1, 6, 10 կետերով, որն է՝ սպանության փորձ երկու կամ ավելի անձանց նկատմամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով խուլիգանության դրդումներով: Այս հոդվածը նախատեսում է ազատազրկում՝ տասներկուսից քսան տարի ժամկետով: Բացի դրանից մեղադրանք է առաջադրվել 235-րդ հոդվածի առաջին մասով (ապօրինի զենք զինամթերք կրելը): Նախաքննությունը շարունակվում է:

Գոռ Առաքելյանի խափանման միջոցի ընտրության հարցը պարզ կլինի այսօր մինչեւ ժամը 17.00-ն:

Նշենք, որ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Նա ձերբակալված է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 17-ին, ժամը 13:30-ի սահմաններում «Վերնիսաժի» մոտ հնչել են կրակոցներ, կան 5 վիրավորներ, որոնց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ականատեսները NEWS.am-ին հայտնել էին, որ վիրավորվածների մեջ կան նաեւ պատահական անցորդներ, իսկ մինչեւ կրակոցը լսել են վեճի ձայներ, որից հետո հնչել է 7-8 կրակոց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: