Մերձմոսկովյան Պուշկինո քաղաքում, «Սպարտակի» երկրպագու Լեոնիդ Սաֆյաննիկովի սպանությունից հետո, իրականացած լայնածավալ ստուգումների արդյունքում Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայությունը հայտնաբերված 136 անօրինական ներգաղթյալներին երկրի տարածքից արտաքսելու մասին որոշում է կայացրել: Այս մասին Պետդումայում ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին է հայտարարել:

«Տեղական շուկաների տարածքում հայտնաբերված 136 օտարերկրացիների նկատմամբ, որոնք խախտել են Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունը, արտաքսման գործընթաց է սկսվել», - «Ռոսբալտի» վկայակոչմամբ, հայտարարել է Ռոմոդանովսկին:

Նա նաեւ տեղեկացրել է, որ Պուշկինոյում օտարերկրյա քաղաքացիների ձեւական հաշվառման եւ անօրինական միգրացիայի կազմակերպման հատկանիշներով 11 քրեական գործ է հարուցվել: