Հայ ազգային կոնգրեսը չի կարող համագործակցել իշխանության հետ, որը ձեւավորել է ոչ լեգիտիմ Սերժ Սարգսյանը: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, խորհրդարանում հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Մեզ մեղադրում են, որ չենք ցանկանում համագործակցել իշխանության հետ: Պատասխանը հետեւյալն է. մեր քաղաքական թիմը կարծում է, որ չպետք է համագործակցի Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմ իշխանության հետ:
Դեռ մնացել է մարտի 1-ը, դեռ դրա համար պատժվածներ չկան: Կան մարդիկ, որոնք քրեական հետապնդումների են ենթարկվում քաղաքական համոզմունքների համար՝ եւ այս դահլիճում, եւ դահլիճից դուրս», - նշել է Մանուկյանը:
Կառավարությունը ՀԱԿ-ին ցանկանում է դարձնել ժանտախտի ժամանակ խրախճանքի մասնակից, սակայն Կոնգրեսը միանշանակ դեմ է, հավելել է Մանուկյանը: «Ձեր քաղաքականության զոհերը ձեր համաքաղաքացիներն են: Ես այստեղ ոչ մի համադասարանցի, համակուրսեցի չունեմ, գրեթե չեն մնացել ընկերներ եւ ծանոթներ: Բոլորը հեռացել են: Հե-ռա-ցել: Եւ դուք առաջարկում եք միանա՞լ ձեր քաղաքականությանը: Մենք չենք ցանկանում միանալ դրան», - հավելել է Մանուկյանը:





























