Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը չի կիսում վերջին շրջանում բարձրաձայնվող կարծիքները, թե ղարաբաղյան կարգավորման ողջ ընթացքում այսչափ ճնշումներ չեն եղել` հաշվի առնելով միջնորդների, միջազգային հանրության կոչերը, որոնք ըստ էության հակասում են ղարաբաղյան կողմի դիրքորոշումներին: Այս մասին նա նշել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Միանշանակ չեմ կիսում: Ես չեմ տեսնում որեւէ ճնշում ղարաբաղյան կողմի վրա: Խոսքը գնում է նորմալ բանակցային գործընթացի, զարգացումների վերաբերյալ: Երբ որ գնում է բանակցային գործընթաց, ակնհայտ է, որ թե կողմերը, թե համանախագահողները պետք է արտահայտեն իրենց տեսակետները, իրենց մոտեցումները: Եվ այստեղ օգտագործել ճնշում բառը, ես կարծում եմ, տեղին չէ»,-ասել է նա:

Հարցին, թե ինչով է բացատրվում այն, որ ԼՂ արտգործնախարարությունը, ի տարբերություն պաշտոնական Երեւանի, բավականին կոշտ արձագանքեց ամերիկացի համանախագահ Ջեյմս Ոուրլիքի հրապարակած` հակամարտության կարգավորման վեց սկզբունքներին,  նախարարն արձագանքել է. «Ես բնական եմ գտնում, որ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումը, այսինքն ոչ թե դիրքորոշումը, այլ որդեգրած ուղին որոշակի տարբերություններ են ունենում: Ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ մենք միակարծիք ենք նպատակի վերաբերյալ, բայց բնական է, որ յուրաքանչյուր կողմը որոշակի ճանապարհ է նախընտրում այդ միասնական ընդհանուր նպատակին հասնելու համար»: