Արեւմտամետ ՀԿ-ները ԿԳՆ-ին չեն ստիպի հանել ցածր դասարաններում դասավանդվող քրիստոնեական բարոյախոսության դասերը, մայիսի 21-ին խորհրդարանում հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Ըստ նրա, համաձայն նախարարության վերլուծության, դրա դեմ բողոքում են հայկական արմատներ չունեցող, բայց արեւմտյան մոդայիկ տենդենցների լծակներով ֆինանսավորվող անձինք:
Աշոտյանը հավելել է, որ նախարարությունը չի ընկրկի: «Եկեղեցու պատմությունը մեր ազգի պատմության անքակտելի մասն է: Այն ուսումնասիրել, նշանակում է ամրապնդել մեր երեխաների հայրենասիրական դաստիարակությունը: Այդ պատճառով էլ մենք սկսել ենք ցածր դասարաններից, որտեղ 3 հազար աշակերտ արդեն անցնում են քրիստոնեական բարոյախոսություն»:
Ըստ նրա՝ միջազգային կազմակերպություններն ավելի լավ է ուշադրություն դարձնեն հարեւան երկրի դպրոցական դասագրքերին: «Այլատյացությունը դպրոց ընդունվելու առաջին իսկ տարիներից մեզ մոտ չի քարոզվում: Պարզապես մի քանի հարեւան երկրներում զարգացած քաղաքացիական հասարակություն չկա, որն այդ մասին հայտարարի: Իսկ մենք ունենք, եւ փորձում են արհեստական հարցեր ստեղծել: Ես գիտեմ՝ ով է դա արել եւ որքան գումար ստացել դրա համար: Սակայն մենք չենք ցանկանում նրանց հարցն օրակարգում հնչեցնել եւ ձեզ էլ խնդրում ենք նույնն անել», - ընդգծել է նախարարը:





























