«Վերնիսաժ»-ում մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված Նորայր Հարությունյանը, որը ըստ նախնական վարկածի՝ վեճի մեջ է մտել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի՝ Գոռ Առաքելյանի հետ, քիչ առաջ տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մամուլի պատասխանատու Ալեքսանդրա Հարությունյանը:
«Ալբինա Բադալյանը, Նորայր Հարությունյանն ու Մնացական Սուքիասյանը տեղափոխվել են հիվանդասենյակ, վիճակները կայուն բավարար են, իսկ Վալերի Հովհաննիսյանի եւ Մյասնիկ Հայրապետյանի վիճակը շարունակում է ծանր կայուն մնալ»,- ասաց նա:
Դեռ հայտնի չէ, թե հիվանդասենյակ տեղափոխված քաղաքացիները երբ դուրս կգրվեն:
Նշենք, որ կրակող Գոռ Առաքելյանին արդեն մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 17-ին, ժամը 13:30-ի սահմաններում «Վերնիսաժի» մոտ հնչել են կրակոցներ, կան 5 վիրավորներ, որոնց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ականատեսները NEWS.am-ին հայտնել էին, որ վիրավորվածների մեջ կան նաեւ պատահական անցորդներ, իսկ մինչեւ կրակոցը լսել են վեճի ձայներ, որից հետո հնչել է 7-8 կրակոց:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























