Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին՝ 90-ամյա հոբելյանի առթիվ:
Ուղերձում ասվում է.
«Սիրելի´ Շառլ Ազնավուր,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի առթիվ:
Ձեր ստեղծագործություններն ու հայրենասիրական կեցվածքը սերնդեսերունդ ոգեւորել ու հիացրել են միլիոնավոր մարդկանց: Մենք հպարտանում ենք բացառիկ արվեստագետի եւ մեծ հայի Ձեր տեսակով, ով բարձր է պահում աշխարհում հայի անունն ու պատիվը: Դուք բոլոր ժամանակների մեծագույն մարդկանցից եք, ում անվերապահորեն սիրում է ողջ հայ ժողովուրդը:
Մեծարգո շանսոնյե, եւս մեկ անգամ ընդունեք ջերմագին շնորհավորանքներս 90-ամյա հոբելյանի առթիվ: Մաղթում եմ Ձեզ, սիրելի մաեստրո, քաջառողջություն, անսպառ եռանդ եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ»:





























