Լեհական կողմի հրավերով աշխատանքային այցով Կրակովում է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով մայիսի 21-ին հանդիպել է Կրակովի քաղաքապետ Յացեկ Մախրովսկիի հետ: Հանդիպման ընթացքում Յացեկ Մախրովսկին ողջունեց Սամվել Բալասանյանին եւ ներկայացրեց իրենց քաղաքի պատմությունը, ներկա վիճակը, ինչպես նաեւ հայտնեց տեղեկություններ Կրակովի հայ համայնքի գործունեության մասին:

Պատասխան խոսքում Սամվել Բալասանյանը շնորհակալություն հայտնեց իր լեհ գործընկերոջը ընդունելության եւ երկու քաղաքների միջեւ հարաբերությունների խորացման պատրաստակամության համար, ինչպես նաեւ ներկայացրեց Գյումրի քաղաքի պատմությունն ու սոցիալ-տնտեսական ներկա վիճակը:

Այնուհետեւ կողմերը քննարկեցին զբոսաշրջության, սպորտի, մշակույթի, քաղաքաշինության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունները, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հանդիպման ավարտին Սամվել Բալասանյանը հրավիրեց Յացեկ Մախրովսկուն իրեն հարմար ժամանակ այցելել Գյումրի, ինչը ընդունել է Կրակովի քաղաքապետը:

Գյումրիի քաղաքապետի աշխատանքային այցի ընթացքում նախատեսված են այլ հանդիպումներ եւս: