Ֆուտբոլի աշխարհի գավաթի սպասվող առաջնությունում Բրազիլիայի, Իսպանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ազգային հավաքականները ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյի սիրելի թիմերն են, NEWS.am-ի թղթակցին ասել է հենց ինքը՝ Անրի Ռենոն:
Զարգացնելով ֆուտբոլային թեման՝ դիվանագետը նաեւ հայտնել է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա շաբաթ օրը՝ մայիսի 24-ին, Լիսաբոնում՝ «Ռեալ Մադրիդ» եւ «Աթլետիկո» թիմերի մասնակցությամբ:
«Նախորդ տարի Չեմպիոնների լիգայի եզրափակչում խաղում էին գերմանական Մյունխենի «Բավարիան» եւ Դորթմունդի «Բորուսիան»: Ինձ հատկապես շատ է դուր գալիս Մյունխենի «Բավարիան»»,- հիացմունքով նշել է դեսպանը:
Հիշեցնենք, նախորդ տարի 2:1 հաշվով հաղթել էր հենց «Բավարիան»:
2014թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի Բրազիլիայում՝ հունիսի 12-ից հուլիսի 13-ը: Բացման հանդիպումը կկայանա Սան Պաուլուում, եզրափակիչը՝ Ռիո դը Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում:




























