Լեհական Behemoth խմբի երաժիշտները, որոնք Եկատերինբուրգում կալանքի տակ էին վերցվել` Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության խախտման համար, ստիպված կլինեն երկու հազար ռուբլու չափով տուգանք վճարել: Բացի այդ, նրանց «խելամիտ ժամկետներում» Ռուսաստանը լքելու պահանջ է ներկայացվել:

«Լեհ երաժիշտները պետք է նշանակված տուգանքը 60 օրվա ընթացքում վճարեն», - Եկատերինբուրգի շրջանային դատարաններից մեկի կայացրած վճռի հատվածն է մեջբերում ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:

Բացի այդ, դաշնային միգրացիոն ծառայության աշխատակիցները պետք է վերահսկեն նրանց` մինչեւ ՌԴ պետական սահման տեղաշարժը եւ երկիրը լքելու փաստն արձանագրեն:

Խմբի ղեկավար Ադամ Ներգալ Դարսկին հայտարարել է, որ տեղի ունեցածի պատճառով մայիսի 25-ին` Մոսկվայում նշանակված համերգը չի կայանա: Այնուամենայնիվ, Behemoth-ը հույս ունի, որ առաջիկայում կարող է Ռուսաստանում ելույթներով հանդես գալու հնարավորություն ունենալ: