Ուսումնական պլանով վաղը՝ մայիսի 23-ը, Հայաստանի դպրոցներում վերջին դասն է: ՀՀ դպրոցների 25 հազար 12-րդ դասարանցիներ եւ 35 հազար հիմնական դպրոցների շրջանավարտներ կնշեն վերջին զանգը։ Ոսկե մեդալի հավակնորդները 54-ն են։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, լրագրողներին ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր դպրոց իր հնարավորությունների սահմաններում է նշելու վերջին զանգը. տնօրենների կողմից ոչ մի պարտադրանք չի եղել՝ դրամահավաքության հետ կապված:
«Անգամ ծնողներն են մեզ զանգում եւ պահանջում, որ չխանգարենք իրենց միջոցառմանը»,- ասաց Նարինե Հովհաննիսյանը։
Դպրոցներում ապօրինի դրամահավաքության վերաբերյալ ահազանգեր նախարարությունը, ըստ նրա, չի ստացել։
Միասնական քննությունները կսկսվեն հունիսի 2-ին։





























