38-ամյա դերասան, ազատամարտիկ Կարեն Մկրտչյանին այսօր` մայիսի 22-ին, հիվանդանոցից դուրս են գրել: Նա այժմ գտնվում է հիվանդանոցին կից հյուրանոցում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Մկրտչյանը:

«Ինձ հիմա շատ լավ եմ զգում, վիրահատությունը լավ է անցել, ըստ բժիշկների պլանավորածի: Բժիկներն ասել են, որ վերականգնողական շրջանը կտեւի մոտ մեկ ամիս: Իմ վրա կորսետ կա հիմա տեղադրված, որը 3 շաբաթ պիտի մնա, եւ այս ընթացքում պիտի վերականգնեն շարժումները, որպեսզի հետվիրահատական բարդություներ չառաջանան»,-ասաց Կարեն Մկրտչյանը:

Դերասանի խոսքով` բժիշկները հստակ չեն ասել, թե երբ կկարողանա լիարժեք քայլել:

Կարեն Մկրտչյանը ամենաքիչը դեռ մեկ ամիս դեռ կմնա Գերմանիայում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կարեն Մկրտչյանին մայիսի 19-ին վիրահատել են, վիրահատությունը բարեհաջող է անցել:

Հիշեցնենք, որ «Եզրագծից այն կողմ» եւ մի շարք այլ ֆիլմերում նկարահանված, «32 ատամ» ակումբի, թիվ 32 թատրոնի դերասաններից Կարեն Մկրտչյանին դեկտեմբերի 26-ին հոսպիտալացրել էին «ուղեղի ցնցում» ախտորոշմամբ։ Նա հարձակման էր ենթարկվել իրենց շենքի բակում անհայտ անձի կողմից։ Դեպքից հետո ամիսներ շարունակ, նա գտնվում էր անվասայլակին, խոսքի եւ հենաշարժողական ապարատի խնդիրներ ուներ։ Հայաստանով մեկ սկսվեց դրամահավաք, որի օգնությամբ դերասանը կարողացավ մեկնել Գերմանիա՝ բուժվելու: