Հայաստանի իշխանությունը այսքան տարիների ընթացքում այդպես էլ չկարողացավ փողի հանդեպ դիմադրողական համակարգ ձեռք բերել: Այս հայտարարությամբ մայիսի 22-ին խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն է հանդես եկել: «Փող տեսնելիս ծնկները թուլանում են», - հավելել է նա:
Պատգամավորի համոզմամբ, նոր իշխանությունն իր հետ, ըստ էության, ոչ մի նոր բան չի բերել: «Եթե կան մարդիկ, որոնց թվում է, թե նոր կառավարությունն իր քաջությամբ տարբերվում է նախորդներից, ապա` շատ իզուր: Ես նման բաների չեմ հավատում», - ընգծել է ժառանգականը:
Նրա խոսքով, ՀՀԿ-ն նույնիսկ Վերահսկիչ պալատի ղեկավարման գործառույթն ընդդիմությանը հանձնելու քաջություն չգտավ իր մեջ: «Տրամաբանությունն անհերքելի է` աջ ձեռքը չի կարող տեսնել, թե ինչպես է ձախը գողություն անում. դա միայն հակառակ կողմում գտնվողը կարող է նկատել: Հենց այդ նպատակով էլ իշխանությունը չի գնում այդ քայլին, իրեն փողերի համար են վախենում», - ամփոփել է Ռուբեն Հակոբյանը:





























