Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ «Շմայսն» արդեն վեց ամիս չի խմում: NEWS.am-ի խմբագրություն զանգահարած ՀՀԿ-ական պատգամավորը հերքեց, թե ինքը մայիսի 22-ին Ազգային ժողովում ալկոհոլի ազդեցության տակ է եղել:

«Ես վեց ամիս առաջ Գերմանիայում բուժվում էի, բուժվելուց հետո որ եկել եմ, արդեն վեց ամիս չեմ խմում, ընդհանրապես չեմ խմում, ինձ խմել չի կարելի»,- ասաց նա:

Իրականում, ըստ պատգամավորի՝ ինքն ուղղակի «փիլաքյանների» վրա ընկել է, հարբած չի եղել:

Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Առաքել Մովսիսյանն ասել էր, որ չի ընկել:

«Որ ընկած լինեի, նկարած կլինեին»,- ասել էր պատգամավորը եւ անջատել հեռախոսը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 22-ին, ժամը 16:00-16:30-ն ընկած ժամանակահատվածի ընդմիջմանը Հանրապետական խմբակցության մի քանի պատգամավորներ՝  Առաքել Մովսիսյանը, Աշոտ Արսենյանը, Արայիկ Գրիգորյանն ու Վարդան Այվազյանը արդեն հասցրել էին «նշել» ծրագրի ընդունման փաստը: NEWS.am-ի թղթակիցը հաղորդել էր, որ ՀՀԿ-ական պատգամավորները ակնհայտորեն ալկոհոլի ազդեցության տակ էին: