Նոր կենսաթոշակային օրենսդրությունը պետք է ուժի մեջ մտնի մինչեւ հուլիսի 1-ը: Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նա հիշեցրել է, որ հենց հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի պետական հատվածում աշխատավարձի բարձրացումը: Ծրագրվում էր այն շաղկապել կուտակային բարեփոխման հետ եւ չեզոքացնել կուտակային պահումների ազդեցությունը պետծառայողների անձնական բյուջեի վրա:
Ուստի, թեեւ վերջնաժամկետ նշվել է սեպտեմբերի 30-ին, սակայն կառավարությունն օրինագծերը կպատրաստի հունիսին:
«Ինչ վերաբերում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի ձեւակերպմանը, թե բարեփոխումը պարտադիր, բայց ոչ պարտադրված է, դա նշանակում է, թե մենք ցանկանում ենք, որ երիտասարդները, նոր համակարգի ապագա մասնակիցները հասկանան, որ դա ճիշտ եւ ողջամիտ ուղի է: Բոլորին պարզ է, որ յուրաքանչյուր նման մոդել որոշակի լրացուցիչ ծախսեր է պահանջում, սակայն քաղաքացիները պետք է հասկանան, որ այդ պահումները ուղղված են իրենց իսկ շահերի պաշտպանությանը»,- ամփոփել է Հարությունյանը:





























