Ավետիք Ավետիսյանը որոնում է անհետ կորած եղբորը՝ Գեւորգին, ավելի քան 20 տարի: Գեւորգ Ավետիսյանը կորել է 1992թ.-ին Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ավետիք Ավետիսյանը պատմել է եղբոր անհետացման մասին իրեն հայտնի հանգամանքները:
«Նրանք երեքն էին՝ Գեւորգը, Գրիգորը Բաբայանը եւ Հրայրը, ազգանունը չեմ հիշում: Ստացվել է այնպես, որ նրանք ջոկատից հետ են մնացել ու մոլորվել են»,- պատմել է Ավետիք Ավետիսյանը:
Գեւորգի եւ Հրայրի ճակատագիրն անհայտ է: Գրիգոր Բաբայանը կարողացել է հետ վերադառնալ, երկու տղամարդու անհետացման հանգամանքները հայտնի են նրանց խոսքերից:
Ջոկատից հետ մնացած խումբը մի քանի օր գնում էր: Մտածում էին, թե գնում են դեպի Սարսանգի ջրամբար: Իրականում եկել են Թալիշ գյուղի մոտ: «Այն մասին, թե որտեղ են, իմացել են դատարկ տներից մեկը մտնելուց հետո: Գետնին ընկած լուսանկարներից մեկի վրա գրված է եղել «Թալիշի միջնակարգ դպրոց»:
Ցանկացել են պարեն հավաքել: Այդ պահին գյուղին զրահամեքենա է մոտեցել, որում քաղաքացիական հագուստով անձինք են եղել: «Եկած անձինք խոսում էին ադրբեջաներեն: Հասկացել են, որ հարցնում են «Գողանո՞ւմ եք»: Մերոնք գլխով դրական պատասխան են տվել: Ադրբեջանցիները պատասխանել են՝ «հալալ»: Այդպես կարողացել են թաքնվել անտառում»:
Մեկ օր անց, երբ խումբն անտառում էր, երկուսն անհետացել են: «Գնում էին շղթայով: Զինվորականները կհասկանան ինչի մասին է խոսքը: Գրիգոր Բաբայանն առջեւից էր գնում: Անցնելով հարյուր մետր՝ նա կանչել է մյուսներին: Պատասխան չստանալով՝ հետ է վերադարձել, սակայն չի գտել ընկերներին: Փնտրել է, կանչել: Այդպես էլ չգտնելով՝ հեռացել է: Երեք օր անց նա Շուշի է հասել»:





























