Չինացի և ավստրալացի ինժեներների թիմը տեքստիլի համար անհասանելի հատկություններով օժտված գործվածքի նմանօրինակ ստանալու համար մշակել է թերմոպլաստիկ պոլիուրեթանային մանրաթելերի էլեկտրամանման մեթոդ։ Այսինքն՝ նոր «չհյուսված գործվածքն» ունի վառ մանուշակագույն գույն, բայց միևնույն ժամանակ արևի լույսն ու ջերմությունն ավելի լավ է արտացոլում, քան ավանդական սպիտակ նյութերը։ Հեռանկարում սա թույլ կտա պատրաստել ինքնասառեցվող հագուստ և շոգից պաշտպանող այլ ծածկույթներ։

Նոր նյութի հիմքը ZIF-67-ն է՝ կոբալտի բազայի վրա մետաղ-օրգանական կարկասը (MOF)։ Այն լույսը կլանում է միայն օպտիկական տիրույթում և արտացոլման բարձր աստիճան ունի մերձավոր ինֆրակարմիր տիրույթում, փոխանցում է TechCult-ը։ Նաև ZIF-67-ը զգալի քանակությամբ ճառագայթում է գեներացնում միջին ինֆրակարմիր տիրույթում, ինչն օգնում է նրան հեռացնել ջերմությունը, այլ ոչ թե կուտակել այն։

Ստացված նյութն արտացոլում է ընկնող արևի լույսի գրեթե 88%-ը՝ միևնույն ժամանակ միջին ինֆրակարմիր տիրույթում ճառագայթելով լույսի ավելի քան 96%-ը։ Այսինքն՝ այն գրեթե չի տաքանում արևի ճառագայթների տակ, ինչի շնորհիվ դաշտային փորձարկումներում չհյուսված գործվածքի նմուշի տակ ջերմաստիճանը 5,6 աստիճանով ավելի ցածր է եղել, քան շրջակա միջավայրի ջերմաստիճանը։ Համեմատության համար՝ սպիտակ գույնի սովորական գործվածքից կամ պլաստիկից պատրաստված պաշտպանությունը տալիս է ընդամենը 3,1 աստիճանով նվազում։

Հարկ է նշել, որ նորույթը չի կորցրել իր հատկությունները նույնիսկ 50 լվացքի ցիկլից հետո։ Ինչ վերաբերում է մանուշակագույնին, ապա այս սահմանափակումն ապագայում դժվար չի լինի շրջանցել՝ տարբեր նյութերից մետաղ-օրգանական կարկասների տեխնոլոգիայի զարգացմանը զուգընթաց։