Վերջին հինգ տարիների ընթացքում Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվն աճել է երեք անգամ, իսկ քաղաքական գործերով ազատազրկման միջին ժամկետները՝ երկու անգամ։ Այս մասին հայտնի է իրավապաշտպանների ցուցակների հիման վրա BBC-ի կատարած հաշվարկներից։
2020 թվականի Ղարաբաղյան պատերազմից հետո Իլհամ Ալիևը վայելում է ժողովրդական հերոսի փառքը. երկրի ներսում նա մրցակիցներ չունի, իսկ աշխարհաքաղաքական իրավիճակը ծառայում է իր շահերին: Սակայն սրանով չի սահմանափակվում ճնշումների խստացման պատճառների բացատրությունը:
Ադրբեջանի «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտը» տարին մի քանի անգամ հրապարակում է քաղբանտարկյալների ցուցակները: BBC-ի հաշվարկներով՝ նախորդ չորս տարիներին (2022–2025 թթ.) քաղաքական գործերով դատավճիռների միջին ժամկետները 4-ից 6 տարի է եղել: Այս տարի այդ ցուցանիշը հասել է գրեթե 12 տարվա:
Անկախության ողջ ընթացքում Ադրբեջանը երբեք աչքի չի ընկել ժողովրդավարական բարձր չափանիշներով. քաղբանտարկյալներ եղել են նաև ներկայիս նախագահի հոր՝ Հեյդար Ալիևի կառավարման տարիներին (նա մահացել է 2003-ին):
Բայց 2023 թվականին, երբ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ Ադրբեջանին հաջողվեց վերջնականապես իր վերահսկողության տակ վերցնել Լեռնային Ղարաբաղը, որը երեսուն տարի գտնվում էր Հայաստանի վերահսկողության տակ, ձերբակալությունների ալիքը կտրուկ աճեց: Ընդամենը մեկ տարում՝ 2023-ի փետրվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, քաղբանտարկյալների թիվը 93-ից հասավ 254-ի:
2024 թվականի հունիսից ի վեր այդ թիվը 300-ից ցածր չի իջել: Այսօր «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտն» այս խմբին է դասում 328 մարդու:
2025 թվականին Ադրբեջանը երկրից վտարեց ՄԱԿ-ի մի շարք գործակալություններ, Կարմիր խաչի գրասենյակը և օտարերկրյա լրատվամիջոցների բյուրոները, այդ թվում՝ BBC-ի ադրբեջանական ծառայությունը: Բաքուն նաև հայտարարեց, որ հրաժարվում է ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները. նախագահը դա պատճառաբանեց որպես պատասխան Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանին ձայնի իրավունքից զրկելուն:
Ալիևի խոսքով՝ հաջորդ քայլը կարող է լինել Եվրոպայի խորհրդից Ադրբեջանի լիակատար հեռացումը: Իրավապաշտպանները մտահոգություն ունեն, որ այն կազմակերպությունից դուրս գալը, որի հետ Բաքուն մարդու և փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ պայմանագրեր է ստորագրել, էլ ավելի կվատթարացնի իրավիճակը:
2025 թվականին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության և Abzas Media-ի լրագրողները տնտեսական հանցագործությունների մեղադրանքով դատապարտվեցին 7.5-ից 9 տարվա ազատազրկման. վերջիններս գործը համարում էին քաղաքական: Այս տարվա հուլիսին Toplum TV-ի հետաքննող լրագրողները ստացան 12-ից 15 տարվա ազատազրկում՝ նույնպես ֆինանսական հանցագործությունների մեղադրանքով, որոնք նրանք հերքում էին:
Իլհամ Ալիևի 23-ամյա կառավարման ընթացքում լրագրողների նկատմամբ երբևէ նման խիստ պատժաչափեր չեն կիրառվել: Հիմա նրանց դատապարտում են այնպիսի ժամկետներով, որոնք նախկինում տալիս էին զինված ապստամբության կամ պետական դավաճանության համար: Պետական դավաճանությունը ենթադրում է 12 տարուց մինչև ցմահ ազատազրկում. հենց նման ժամկետներ էին ստացել «Թերթերի գործով» դատապարտված զինվորականներն ու Նարդարանի բողոքի ակցիաների մասնակիցները:
Ադրբեջանական քաղաքականությանը հետևող փորձագետների ամենատարածված արձագանքն այն հարցին, թե ինչու է Իլհամ Ալիևն ուժեղացնում ճնշումները, հանգում է հետևյալ պատասխանին. «Որովհետև կարող է»։
2020 թվականի Ղարաբաղյան երկրորդ պատերազմը՝ Բաքվի ռևանշը, որն ավարտվեց շատ ադրբեջանցիների համար խորհրդանշականորեն կարևոր տարածաշրջանի վերադարձով, ոչ մի օգուտ չտվեց ժողովրդականություն վայելող ողջ մնացած գեներալներին, այլ նախագահին դարձրեց դրա գլխավոր հերոսը։ Նա սկսեց հանրության առջև հայտնվել խակի հագուստով, հաճախ խակի էր հագնվում նաև նրա ամբողջ ընտանիքը։
Իշխանամետ ԶԼՄ-ները մասսայականացնում էին այս իմիջը՝ հազվադեպ լուսաբանելով երկրում առկա խնդիրները։ Այդ խորշը զբաղեցնում էր անկախ մամուլը, որը կատարում էր հետաքննություններ, այդ թվում՝ տարածաշրջանի վերականգնման ժամանակ առկա կոռուպցիայի վերաբերյալ։
Չնայած նավթագազային եկամուտներին՝ Ադրբեջանում միջին աշխատավարձը տարածաշրջանում ամենացածրն է, իսկ տնտեսությունն աճում է ավելի դանդաղ, քան հարևան Վրաստանում և Հայաստանում: 2026 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, երկրում տնտեսական աճ ընդհանրապես չի գրանցվել:





























