Յոթամյա կատու Բազը, որը քթի տակ ունեցած սեւ մորթու պատճառով նման է Ադոլֆ Հիտլերին, ավազակների զոհ է դարձել Գլոսթերշիր կոմսությունում: Կենդանուն դաժան ծեծի են ենթարկել, լուրջ վնասել են ձախ աչքն ու կողերը, հաղորդում է «Daily Mail»-ը:

Մայիսի կեսերին կատուն անհետացել էր, ինչի մասին հայտնել էր նրա 26-ամյա տիրուհի Քրիսթի Սփարոուն: Մի որոշ ժամանակ անց նա Facebook-ում տեղադրել էր կատվի լուսանկարը: Կենդանուն հաջողվել է գտնել հարեւանի օգնությամբ, որը ծեծված կենդանուն գտել էր աղբամանում:

Անասնաբույժները բացառել են վրաերթի վարկածը եւ հայտարարում են, որ նա հարձակման զոհ է: Մասնագետները հեռացրել են Բազի վնասված աչքը: Բուժման դիմաց տիրուհին 600 ֆունտ ստերլինգ է վճարել: Անասնաբույժների խոսքով՝ կատվի բախտը բերել է, որ նա ողջ է մնացել, հաղորդում է «Snob.ru»-ն:

Ի ծնե կատուն նման էր Հիտլերին «ինքնատիպ» բեղերի համար եւ գլխի գունավորման պատճառով, սակայն նախկինում դա բացասական վերաբերմունք չէր հարուցում: «Շատերն են նշում, որ նա նման է Հիտլերին, սակայն նա մեղմ է քնքուշ»,- կենդանուն պաշտպանում է Քրիսթի Սփարոուն:

Բազին երկարատեւ բուժում է սպասվում: Անասնաբույժները խորհուրդ են տվել կատվին փողոց դուրս չթողնել: Կինը նշում է, որ կաշխատի թույլ չտալ, որպեսզի հարձակումը չկրկնվի: Գլոսթերշիրի ոստիկանությունը այս առթիվ հետաքննություն է վարում, որի արդյունքների մասին դեռ հայտնի չէ: