«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված 30-ամյա Վալերի Հովհաննիսյանին, որն ըստ նախնական վարկածի՝ դեպքի անմիջական մասնակիցներից է, այսօր՝ մայիսի 23-ին, տեղափոխել են հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ին ասաց Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մամուլի պատասխանատու Ալեքսանդրա Հարությունյանը:
«Վալերի Հովհաննիսյանի վիճակը բավարար կայուն է, այսօր տեղափոխել են հիվանդասենյակ: Վերակենդանացման բաժանմունքում մնացել է միայն Մյասնիկ Հայրապետյանը, որի վիճակը շարունակում է ծանր կայուն մնալ, սակայն դեպի լավն է գնում: Դեռ ոչ մեկը դուրս չի գրվել»,- ասաց նա:
Թե երբ են կրկնակի վիրահատություն կատարելու Մյասնիկ Հայրապետյանին, դեռ հայտնի չէ:
Նշենք, որ Վալերի Հովհաննիսյանը վիրավորվել էր ոտքից եւ որովայնից: Ըստ նրա փաստաբանի՝ Վարդուհի Էլբակյանի, 30-ամյա երիտասարդի վրա չորս անգամ կրակել էին:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում, «Վերնիսաժի» մոտ հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ պատահական անցորդներ: Վիրավորվածներին տեղափոխել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար:
Գոռ Առաքելյանի նկատմամբ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























