Բերդավան գյուղի սահմանագոտում ապրիլի 15-ին ականի պայթյունից ոտնաթաթի վնասվածք ստացած՝ Հաղթանակ գյուղի 49-ամյա բնակիչ Գաբրիել Բաբիկյանին մայիսի 23-ին դուրս են գրել հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ին ասաց Հաղթանակի գյուղապետ Վահրամ Շառոյանը:

«Դուրս են գրել հիվանդանոցից, երկուշաբթի օրվանից մոտ մեկ շաբաթ էլ կգնա վիրակապը փոխելու: Այս պահին քայլել դեռ չի կարելի, բայց ասել են, որ քայլելու հետ կապված խնդիրներ չեն առաջանալու: Հիմա արդեն հոգեպես էլ է լավ, էն սկզբներում այնքան լավ չէր, բայց հիմա լավ է»,- ասաց նա:

Գյուղապետի խոսքով՝ բուժման ամբողջ ծախսը արել է պաշտպանության նախարարությունը՝ տրամադրելով մեկ միլիոն ութ հարյուր հազար դրամ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ, 56-ամյա Ռաֆիկ Գրիշայի Մուղդուսյանը եւ Հաղթանակ գյուղի բնակիչ, 49-ամյա Գաբրիել Հրաչի Բաբիկյանը, ապրիլի 15-ին Բերդավան գյուղի սահմանագոտում խոտ հավաքելիս մոտ 200 մետր առաջացել էին սահմանամերձ ականապատ տարածքում եւ պայթել ականի վրա, ինչի հետեւանքով Ռաֆիկ Մուղդուսյանը մահացել էր, իսկ Գաբրիել Բաբիկյանը՝ տեղափոխվել հիվանդանոց: