Ժամանակակից աշխարհում տնտեսական պատժամիջոցները անարդյունավետ գործիք են համարվում եւ, որպես կանոն, «բումերանգի էֆեկտ ունեն»: Այս մասին Պետերբերգում ընթացող միջազգային տնտեսական համաժողովի հերթական նիստին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է հայտարարել:

«Մենք շատ լավ ենք հասկանում այն արտասահմանյան ընկերություններին, որոնք հարյուր միլիոնավոր դոլարներ են ներդրել եւ հաջող գործունեություն են ծավալում մեր երկրում, ինժեներական եւ մեքենաշինական ընկերությունների, տուրիստական ոլորտի ներկայացուցիչներին: Հիմա նրանց հաջողակ բիզնեսը, չկայացած քաղաքականության արդյունքում, պետք է վնասնե՞ր կրի եւ ռուսական շուկան մրցակիցների՞ն հանձնի», - «Ռոսբալտի» վկայակոչմամբ, հարց է բարձրացրել Ռուսաստանի առաջնորդը:

Պուտինը նաեւ հիշեցրել է, որ ժամանակակից աշխարհը բազմաբեւեռ տարածք է հանդիսանում:

«Ժողովուրդները ցանկանում են ինքնուրույն իրենց ճակատագիրը որոշել, ձգողության այլընտրանքային կենտրոններ ու երթուղիներ են հայտնվում», - նկատել է Ռուսաստանի նախագահը` հավելելով, որ ներկայումս այլ խոշոր միավորումների` BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան եւ Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն), Շանհայի պայմանագրի երկրների շրջանակներում ընդլայնված փոխգործակցություններ են ընթանում:

«Մենք միասին եվրասիական ինտեգրացիոն նախագիծն իրականություն կդարձնենք», - ամփոփել է Պուտինը: