Դաշնակցությունը Հայաստանի կառավարության հանդեպ դեռեւս հույսի նշույլ ունի: Այս մասին մայիսի 23-ին կազմակերպված խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն է հայտարարել:
Նրա խոսքով, նոր կառավարության եւ առաջիկա սահմանադրական բարեփոխումների լույսի ներքո անհրաժեշտ է հասկանալ, թե երբ կարող է եւ երբ պետք է նախարարների կաբինետը փոխվի: «Հակառակ դեպքում ի վիճակի չենք լինի հասկանալ, թե ինչպես պետք է եւ նախորդ, եւ ներկայիս կառավարության աշխատանքը գնահատել», - նկատել է Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով, հակառակ դեպքում նաեւ անհասկանալի կլինի, թե ինչու է կառավարությունը փոխվել, եթե այն շարունակում է նախկին կուրսը վարել: «Ես անձամբ ճանաչում եմ եւ վարչապետին, եւ կառավարության անդամներից շատերին, ու գիտեմ, որ նրանք արժեւորում են իրենց կենսագրությունը եւ պատասխանատվության զգացում ունեն: Դրա համար էլ հայտարարել էի, որ ավելի լավ է նոր ծրագրում քիչ գրեն, բայց եւ շատ բան անեն: Իսկ արված գործը միայն մեկ արդյունքով պետք է գնահատել` դադարեցվե՞լ է Հայաստանի արյունահոսությունը` արտագաղթը, թե՞` ոչ: Կամ թեկուզ դանդաղել է», - նշել է դաշնակցական պատգամավորը:





























