Խորհրդարանի նիստերի դահլիճում ոչ սթափ պատգամավորներ չեն նկատվել, մայիսի 23-ին խորհրդարանական ճեպազրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Երեկ մեր խմբակցությունը դահլիճում էր գրեթե ողջ կազմով, եւ ոչ սթափ, հարբած վիճակում ոչ ոքի չենք տեսել: Չգիտեմ՝ ինչպես մեկնաբանել այն, ինչն անձամբ չեմ տեսել: Եթե դա կառավարության ծրագրի քվեարկությունից հետո լիներ, հնարավոր էր: Իսկ քվեարկությունից առաջ մենք միշտ սթափ ենք: Եվ այդ սթափությունը դուք նկատել եք», - ասել է Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ-ական մի քանի պատգամավորներ՝ Առաքել Մովսիսյանը, Աշոտ Արսենյանը, Վարդան Այվազյանը եւ Արայիկ Գրիգորյանը խորհրդարանի նիստերի դահլիճ էին եկել ոչ սթափ վիճակում:





























