Կառավարությունը ոչ մի ճնշում էլ չի գործադրել «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Կարեն Բոթոյանի նկատմամբ, մայիսի 23-ին խորհրդարանական ճեպազրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Ըստ նրա՝ ավելի շուտ պատգամավորը վաղուց ցանկանում էր դուրս գալ խմբակցությունից, պարզապես հարմար պահի էր սպասում, որն էլ եղավ:
«Ես չէի էլ կասկածում, որ կարող են նման ենթադրություններ լինել: Ուղղակի ավելորդ չի լինի հիշել, թե ինչպես է քվեարկել այդ պատգամավորը: Եվ դուք կտեսնեք, որ շատ դեպքերում նա իր խմբակցությանն այնքան էլ համահունչ չի քվեարկել: Այնպես որ, հնարավոր է նա ինքն էր ցանկանում հեռանալ խմբակցությունից: Բայց սա արդեն նրանց գործն է», - հավելել է Բաղդասարյանը:
Հիշեցնենք, երեկ կառավարության ծրագրի քվեարկությունից մի քանի րոպե առաջ Կարեն Բոթոյանը հայտարարել էր, որ մտադիր է լքել ՕԵԿ խմբակցությունը: Նրանից հետո Հեղինե Բիշարյանը հայտարարել էր, որ Բոթոյանի նկատմամբ իշխանության կողմից ճնշումներ են եղել, բայց վերջինս չի համարձակվել ասել այդ մասին:





























