«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում մայիսի 9-ին զանգվածային թունավորման պատճառները դեռ հայտնի չեն, սակայն թունավորված ութ կանանցից երեքի մոտ հայտնաբերվել է «ցիտրոբակտեր»: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խմբի անդամ Ռուբեն Սարգսյանը:

«Երեքի մոտ հայտնաբերվել է ցիտրոբակտեր, նրանց վիճակը կայուն բավարար է, գտնվում են բժիշկների հսկողության տակ: Այս պահին ծառայողական քննություն է իրականացվում՝ պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել: Բացի դրանից՝ փորձաքննություն են նշանակվել, որոնց պատասխանները դեռ չկան»,- ասաց նա:

Նշենք, որ այս մանրէն օրգանիզմ է թափանցում կաթնամթերքի, թռչնի եւ տավարի մսի միջոցով, իսկ հիմնական պատճառը սննդի պատրաստման կանոնների խախտումն է: Հնարավոր է, որ կանայք թունավորված լինեն մսից եւ դեղձի հյութից:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում ՔԿՎ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ թունավորվել է 6 կին, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. «Երեքն արդեն լավ են, իսկ մյուս երեքը դեռ գտնվում են բժիշկների հսկողության տակ: Ոչ միայն հիմնարկի, այլեւ «Դատապարտյալների հիվանդանոցի» բժիշկներն են զբաղվում այս խնդրով: Փորձաքննություն է նշանակվել: Ամեն դեպքում մսից չեն թունավորվել, ինչպես որ գրել էին»: